«Օվսաննա Բարձրյալին, օրհնյալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնյալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և փառք բարձունքներում»:
Ծաղկազարդի տոնը, որ խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնից մեկ շաբաթ առաջ՝ կիրակի օրը, որին էլ հաջորդում է Ավագ շաբաթը։
Մարդիկ որքան էլ մտահոգված և ծանրացած լինեն առօրյա խնդիրներով, միևնույն է, սրտի անսովոր ցնծությամբ են պատրաստվում այդ օրվան, քանզի աշխարհիկ հոգսերի և մեղքերի մեջ խեղդված հոգին, այնուամենայնիվ, զգում է Տիրոջ օրհնյալ ներկայությունը։
Շուրջ 2000 տարի առաջ հեռավոր Հրեաստանի Երուսաղեմ քաղաքում, երբ բոլորը պատրաստվում էին Զատկի տոնին, Հիսուս Իր աշակերտների հետ մոտենալով Ձիթենյաց լեռանը, տասներկուսից ընտրված երկու աշակերտներին ասաց. «Գնացե՛ք այն գյուղը, որ մեր դիմացն է. երբ այնտեղ մտնեք, կգտնեք կապված մի ավանակ, որի վրա ոչ մի մարդ երբեք չի նստել. արձակեցե՛ք այն և բերեք»: Երբ բերում են ավանակին, Հիսուս նստում է նրա վրա և առաքյալների ուղեկցությամբ ճամփա բռնում դեպի Երուսաղեմ:
Երուսաղեմ մուտք գործելն ունի մեծ խորհուրդ․ այն է՝ մեր սրտերում թույլատրել Տիրոջ ներաբնակությունը, ապրել Նրա պատգամներով և արժանանալ Հավիտենական կյանքին:
Հիսուս ավանակի վրա նստած մտնում է քաղաք` Իր հետ ունենալով աշակերտներին և մարդկանց, ովքեր ցնծությամբ իրենց զգեստները փռում էին ճանապարհի վրա, որպեսզի Տերն անցնի դրանց վրայով, իսկ ոմանք էլ արմավենու և ձիթենու ճյուղերը ձեռքներին՝ փառաբանում էին Տիրոջն ու ասում. «Օրհնությո՛ւն Դավթի Որդուն, օրհնյա՛լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՛ւն` բարձունքներում»:
Համաձայն եկեղեցու հայրերի՝ ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը, ինչպես նաև ունի արքաների համար նախատեսված առանձնակի պատիվներ և հանդիսավորություն ցուցաբերելու իմաստ: Բացի այդ, ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, հաճախ համեմատում են հեթանոսների հետ, որոնք պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը։ ժողովրդի կողմից ծառի ճյուղերով Հիսուսի ճանապարհը զարդարելը նաև հեռու արձագանքն էր բնության զարթոնքին և վերածնունդին սերտորեն կապվող նախաքրիստոնեական մի պաշտամունքի, իսկ Հիսուս մուտք գործելով Երուսաղեմ` ոչ թե սոսկ զարթոնք պարգևեց բնությանը, այլ նոր կյանք և իմաստ հաղորդեց մարդկային ողջ գոյությանը: Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշում է մեղքերից ազատվելը, իսկ ավանակի վրա մուտք գործելը խոնարհության և խաղաղության իմաստն ունի:






























